ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  

 

      1991 թվականին` երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք, հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք` 1996 թվականին:

    Կենտրոնի գործունեության անդրանիկ պտուղը մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցական համակարգի ստեղծումն էր և կրոնի ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Կենտրոնը նաև զբաղվում էր հոգևոր գրականության, «Քրիստոնյա Հայաստան» թերթի պատրաստմամբ և հրատարակությամբ, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակչության և քարոզչության բովանդակային հաղորդաշարերի պատրաստությամբ և հեռարձակմամբ:

   Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2005 թ. սեպտեմբերի 1-ից ՔԴՔԿ-ն վերակազմավորվեց և ստանձնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի կյանքի կոչման առաքելությունը՝ վերանվանվելով Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն (ՔԴԿ):

     2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և  ՀՀ  կառավարության` ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4-10-րդ (այսօր՝ 5-10-րդ) առարկայացանկում: Հարկ է նշել նաև, որ հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի ծրագրում ՀԵՊ առարկան ներառված է երաշխավորված առարկաների ցանկում և որոշ դպրոցներում տնօրենների հայեցողությամբ առարկային այդ դասարանում ևս հատկացվում են դասաժամեր:

     2011-2012 ուստարվանից սկսած ՔԴԿ-ի նախաձեռնությամբ, ՀԵՊ առարկան փորձաշրջանով ներդրվեց ՀՀ տարբեր մարզերի 25 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում: 2012-2013 ուստարում դպրոցների թիվը աճեց մինչև 47-ը, իսկ 2014-2015 ուստարում՝ 53 դպրոցների շուրջ 9000 աշակերտներ ուսումնասիրում են Հայոց Եկեղեցու պատմություն առարկան:

     ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը: ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում ՀԵՊ առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում հարց բարձրացնում անհապատասխան ուսուցչի փոխարինման: Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն: Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

 

    Վերոնշյալ առօրյա աշխատանքային գործունեությանը զուգահեռ ՔԴԿ-ն իրականցնում է տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր կրթական հաստատություններում:

    Հընթացս տպագրվում է մանկապատանեկան հոգևոր գրականություն, օժանդակ դիդակտիկ նյութեր, պատրաստվում եկեղեցական տոներին նվիրված միջոցառումների սցենարներ:

 

 

 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ  

 

        Կենտրոնը համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթության պետական տեսչության և այլ պետական կրթական կառույցների, Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության մշտական հանձնաժողովի, ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի բնակչության (UNFPA), ՄԱԿ-ի մանկական (UNICEF)  հիմնադրամների, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության, «Dasaran» կրթական ծրագրի, Հայաստանյան և միջազգային  հասարակական ու բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ:

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031